ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԿԱՄԱՎՈՐԸ` ԿՐԵՄԼԻ ԲԺՇԿԱՊԵՏ
Նա ծնվել է 1898-ի վերջին օրը, Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1918-ին ավարտում է գիմնազիան, պատրաստվում դառնալ բժիշկ։ Երազանքը մի պահ անկատար մնաց, պատանի Արամը մեկնում է ռազմաճակատ, մասնակցում Կարսի, Սարիղամիշի և Սարդարապատի ճակատամարտերին։ Երկիր Նաիրին փրկված էր և խաղաղ ու կառուցողական հանգրվան էր գտել խորհրդային կայսրության կազմում։ Նա գնաց երազանքի հետևից, սովորեց Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Եվ կարճ ժամանակ անց ճանաչվեց որպես փայլուն մասնագետ` ուրոլոգիայի ոլորտում։ Տարիներ անց, հասունության շեմին ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ գործի է անցնում ԽՍՀՄ առողջապահության նախարարության հանրահայտ 4-րդ գլխավոր վարչությունում, ապաքինում է կրեմլյան բոսերին` հավուր պատշաճի արժանանալով պատվի ու հարգանքի։ Նաև սիրո, չէ՞ որ խիստ տհաճ մարմնական տկարությամբ տառապողների ցավերն ամոքող բժիշկը սովորական մեկը չէր։ Հարգանքի ու սիրո տուրքի դափնին իջավ բժշկապետի ուսերին, նրան շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Սարդարապատի կամավոր մարտիկը Կրեմլի բժշկապետն էր ուրոլոգիայի, այլ բնորոշմամբ` միզանոթների բուժման բնագավառում։
Նրա վրա կախված երկինքն անամպ մնաց անգամ Ստալինյան բռնադատումների ընթացքում։ Նրա կախարդական նշտարը մշտապես պահանջված էր։ Նա անխարդախ էր, մեծ հմայքի տեր էր և առաքելություններ ուներ։ Վաղնջական օրերի առաքելությունը հայրենիքի փրկությունն էր։ Հասունության տարիների առաքելությունը` Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալը։
Բայց կար նաև հոգեշահ առաքելությունը` սերն առ կերպարվեստ։ Եվ ահա խիստ աշխարհիկ գործի նվիրյալը տարիների ընթացքում ձեռք է բերում կտավներ ու կերպարվեստի այլ բարձրարժեք նմուշներ։ Բարեբախտաբար, կողակցուհին այս գործում նրա համախոհն էր։
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 14
1979-ի դեկտեմբերի 17-ին ՀԽՍՀ մինիստրների խորհրդի թիվ 14 որոշմամբ ստեղծվում է Ռուսական արվեստի թանգարանը Երևանում։ 1980-ի հոկտեմբերի 23-ի թիվ 539 հրամանով ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունը հիմնադրում է վերոնշյալ թանգարանը Երևանի մշակութային սրտում` Թամանյան փողոցում, օպերային թատրոնի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարևանությամբ։ 1984-ի նոյեմբերին բացվում են Ռուսական արվեստի թանգարանի դռները, առաջին տնօրենն արվեստաբան Անահիտ Ֆլջյանն էր։ Կուլտուրայի մինիստրության վերոնշյալ հրամանից չորս տարի և մեկ ամիս անց է թանգարանը բացում դռները։ Չորս տարվա բացը մի կողմ դնելով` հետևենք Արամ Աբրահամյանի խոսքին և գործին, նշելով, որ ռուսական արվեստի վերջինիս հավաքածուն ամենանշանավորներից էր աշխարհում, բաղկացած էր մի քանի հարյուր բարձրակարգ ստեղծագործություններից և թանգարան հիմնելու հիմնավոր հայտ էր։
Նա ողջ կյանքում ձեռք էր բերում արվեստի գործեր, լայն կապերը իշխանական վերնախավում, բարձր վարձատրությունը և հարգանքը կանաչ ճանապարհ էին բացում այս ինքնատիպ հավաքորդի առաջ։ 1980-ը բախտորոշ էր 81-ամյա հռչակավոր բժշկի և նշանավոր հավաքորդի կյանքում. նա... բաժանվում է հավաքածուից։ Բաժանվում էր, հավանաբար, սրտի ցավով, քանի որ ցանկացած հավաքորդի համար հավաքածուն աշխարհիկ և հոգևոր մտահղացման ու ցանկության բարձրակետն է, և հրաժարումը սեփական հավաքածուից անխոհեմության գագաթնակետն է։ (Սակայն Արամ Աբրահամյանի հոգու խորքում չէր անէացել երկրի քաղաքացին, մշտապես արթուն պահակ էր կանգնած հայրենիքի պաշտպան կամավոր-զինվորը)։ Նա 350 թանգարանային մասունք նվիրաբերեց Հայաստանին` աննախադեպ իր ձեռնարկը հիմնավորելով այսպես. «Ես ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մարդիկ տեսնեն այս ամենը, այս գեղեցկությունը։ Ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում ընկալում և սիրում ռուսական մեծ մշակույթը։ Գիտեմ և հենց այդ պատճառով էլ հավաքածուս կտակեցի Հայաստանին»։
ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Այստեղ ռուսական կերպարվեստը համակարգված և տեղակայված է յոթ դահլիճներում։ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական գեղանկարչության, գրաֆիկայի, բեմանկարչության և դեկորատիվ արվեստի ընտրանին է շողարձակվում, ռուսական և համաշխարհային կերպարվեստի երևելիներն են գեղագիտորեն հարստացնում մայրաքաղաքի այս անկյունը։ Վ. Սերով, Կ. Կորովին, Ա. Բենուա, Ե. Լանսերե, Ս. Սուդեյկին, Պ. Կուզնեցով, Կ. Պետրով-Վոդկին, Պ. Կոնչալովսկի և այլք։ Անուններ, որ կբազմապատկեն աշխարհի յուրաքանչյուր թանգարանի փառքը։ Այս զարմանալի անհատի մեջ, ինչ խոսք, Սասնա ծուռն էր ննջում, որը պարբերաբար արթնանում և նրան մղում էր սխրանքի։ Տեսեք, վերոնշյալ վարպետների գործերից բացի, նրա հավաքածուն ամբողջացնում էին եվրոպական ու ռուսական ճենապակին և ապակին, 18-19-րդ դարերի կահույքը, ժամացույցներն ու մոմակալները, որոնք ներքին կարգով մերժված էին սոցռեալիզմի գաղափարախոսական կաղապարներում գտնվող Խորհրդային Միությունում։ Բայց Արամ Աբրահամյանը միշտ և ամենուր, ռազմաճակատում և կլինիկայում, վերնախավի հանդիսավոր ընդունելությունների շքեղաշուք և կոնյակազարդ սրահներում ինքն իր հետ էր, իր երազանքների իրականացման ուխտավորն էր նա։ Տեր և տիկին Աբրահամյանները զավակ չունեցան. թող այս միտքս պաթետիկ հնչի, սակայն մի՞թե ռուսական արվեստի հրաշալի թանգարանը նրանց հոգեզավակը չէր։
Արամ Աբրահամյանի հավաքածուն բարձր էր գնահատվում ոչ միայն արվեստասեր հանրության կողմից։ Այն գնահատել և այսօր էլ գնահատում են կերպարվեստի խորագետ տեսաբաններն ու քննադատները։
Եվ ահա խնդրահարույց մի հարցով դիմում եմ ժամանակի իշխանությանը, մի՞թե ժամանակը չէ «Հայ մեծեր» քարոզչական պատկերաշարում, ուր երբեմն սպրդում են պատահական անուններ, արժանավորել երևելի հայ և նշանավոր մեկենաս Արամ Աբրահամյանի անունը։ Նա վախճանվեց 90 տարեկանում, Մոսկվայում։ Նրա շիրիմը Հայաստանում է։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մի՞թե Կրեմլի վիրաբույժ Արամ Աբրահամյանի անունը չէր միաձուլվի հազարավոր այլ բժիշկների հետ և, ի վերջո, չէր հայտնվի մեր պատմության լուսանցքում։ Բայց նա հավաքորդ էր և մեկենաս։ Եվ նրա անունն այն փառահեղ կոհորտայում է, ուր Լազարյաններն են և Մանթաշյանցը, Արամյանցն ու Գյուլպենկյանը, Հայկական աշխարհի նշանավոր մեկենասները։ Եվ, վստահաբար, Արամ Աբրահամյանի անունը մատենագրված է «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանում։
ՈՒ մի՞թե ժամանակը չէ, որ այսօր մեկենասության լուրջ հայտ ներկայացնեն նորագույն ժամանակների հայ մեծահարուստները` Հայաստանում և Սփյուռքում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ